Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իշլի և «չիշլի» քյուֆթաներից անդին

Իշլի և «չիշլի» քյուֆթաներից անդին
16.01.2009 | 00:00

ՉՏԵՍԱՄԱՆԻԱ
Երբեմն տեղին, երբեմն անտեղի հաճախ ենք պարծենում, գլուխ գովում, թե մենք հյուրասեր, ուտող-խմող ազգ ենք: Այս վերջինը մի այնպիսի հանդիսավորությամբ, որ լսողը համոզվում է հայտնի ասույթի աներկբա ճշմարտացիության մեջ, միայն թե բառախաղային առումով ոչ շատ տարբերվող միանգամայն հակառակ իմաստով, որ ոչ թե ուտում ենք ապրելու, այլ, ինչ գնով էլ լինի, ապրում ու պայքարում ենք հանուն ուտել-խմելու: Սակայն մոռանում ենք վերջում հավաքել մեր հետևից: Սրա մասին` մի փոքր ուշ: Հիմա` առիթների մասին: Դե, քանի որ նոր տարվա կերուխումերից նոր-նոր ենք աչք բացել, ուրեմն, հենց Նոր տարվա մեծն առիթի մասին:
Չգիտես ինչու, հայերիս համար նախատոնական այս շրջանը մի տեսակ մշակութայնացված առևտրի սեզոն է դարձել: Կարծես էլ ո՛չ ուտելու, ո՛չ խմելու և նույնիսկ ո՛չ էլ կեղտոտելու հնարավորություն ենք ունենում ողջ տարվա ընթացքում: Բայց, ինչ արած, հյուր ենք գնում, հյուր ընդունում: Եվ հենց այստեղ է, որ մեր հյուրասիրությունը հասնում է ցուցադրության ու ցուցամոլության` խոզի բդի, սև, կարմիր և այլ գունավոր խավիարների, իշլի ու չիշլի քյուֆթաների, հոլանդական ու ռոկֆոր պանիրների, հնդկական պոպոքի, Սևանի չեղած իշխանի, տարատեսակ բանանների, անանասների ու մանգոների տեսքով: Այս ամենը, հայդա, մինչև հունվարի առաջին կեսը, որից հետո նորից պարտքի ցուցակներ, համընդհանուր լացակումած դեմքեր, թե փող չկա, գիտե՞ս, էս քամբախ Նոր տարին ինչ բերեց մեր գլխին, պարտքերի մեջ թաթախված ենք… Բա գնե՜րը, գնե՜րը: Էն վերավաճառողներն էլ իրենց հերթին: Ասում ենք, բողոքում, հիասթափվում, բայց, արի ու տես, չենք խրատվում: Ամեն տարի նույն ինտենսիվությամբ առևտուր ենք անում, հյուր գնում, ընդունում (առևտրի պես մի բան) ու անվերջ ուտում-խմում: Մի ասող էլ չկա, թե լավ ենք անում։ Հո ուրիշի՞ հացը չենք ուտում: Ողջ տարի ազգովի աշխատել ենք, ազգովի էլ քեֆ ենք անում։ Բայց որ ազգովի կեղտոտում ենք, հե՛չ լավ չենք անում: Տեղից աղբն ու աղբահանությունն օրակարգային էր, հիմա` ժամակարգային: Իսկ մեզ ո՛չ ժամն ու ժամանակն է փրկում, ո՛չ կարգուկանոնը: Էլի նույն աղբակենտրոն, աղբակոլոլ ու աղբատարած քաղաքային իրականությունն է: Հանրային սպասարկման մարմինների ու աշխատակիցների մասին էլ ավելորդ է խոսել: Նրանք էլ մեր հայրենակիցներն են` ուտող-խմո՜ղ հայերը:
Քանի էս տեսակ խոսք ու զրույցի ենք բռնվել, մի քանի անուղղակի տող էլ համազգային պրոբլեմի նյութ դարձած մեկ ուրիշ հարցի մասին, որը ոչ այնքան հետևանք է նոր տարվա, որքան` ձմռան, առհասարակ:
Ինչ խոսք, ձյունը բնության եզակի ու անխուսափելի հրաշքներից է կամ հրաշալի երևույթներից: Սակայն այն ոչ մի կերպ իր հաճելի տեսքն ու խորհուրդը չի արտացոլում սառցակալած սև ու գորշ զանգվածների տեսքով: Այ, օրինակ, ո՞վ կարող է մեր հանրապետության նախատոնական գեղեցիկ ու շքեղ հրապարակը համեմատել այսօրվա սառցակալած ու ցեխաթաթախ կարուսելապարկի հետ: Դժբախտաբար, այդ նույն անհամեմատելիության չափ համեմատելի են երևանյան գրեթե բոլոր փողոցներն ու բակերը, մայթերն ու անցումները: Իսկ ո՞ւմ և ի՞նչ խղճով մեղադրես` հատկապես համայնքային ղեկավարություններին, երբ կառավարության ու նախարարությունների շենքերին հարող մայթերն ու փողոցներն են անանցանելի: Պիտի ընկնել- վերկենալով, ձեռք ու ոտք ջարդելով մի կերպ յոլա գնանք մինչև բնության զարթոնքը… կամ էլ, նորից ազգովի, տնից դուրս չգալու ակցիա անենք: Այնուամենայնիվ, պետք չէ ամեն բանում վատը տեսնել: Մենք ուրիշի կարծիքը, մանավանդ, միջազգային «ուրիշի», ամեն բանից` առողջությունից, հարմարավետությունից, բարեկեցությունից վեր դասող ազգային տեսակ ենք, և հենց այստեղ էլ մեր բախտը բերել է: Պասիվ զբոսաշրջության ժամանակներ են, համաշխարհային տնտեսական ճգնաժամն էլ մի կողմից է վրա տվել ու թույլ չի տալիս շատ ու շատ օտարազգիների տեսնել մեր կիսատ-պռատությունը: Հետևաբար, մենք աշխարհին բաց ճակատով կարող ենք շարունակ ներկայանալ` որպես հյուրասեր, ուտող-խմող, ինչո՞ւ չէ` նաև մաքրասեր և, ամենակարևորը, ազգասեր ու դեմոկրատ ժողովուրդ: Ասել կուզի` ներսից մեր աչքն ենք հանում, դրսից` ուրիշի։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5077

Մեկնաբանություններ